6 մարտի 2021 - 10:18 AMT
Վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման կարիքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:

Երկուստեք կարևորվել է գործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին: