6 մարտի 2009 - 21:11 AMT
ՈՒկրաինայում ձերբակալվել է Ստավրոպոլի հայկական համայնքի ղեկավարի ենթադրվող մարդասպանը
Հատուկ գործողության արդյունքում Խարկովի մարզի ԿՀՊՎ աշխատակիցները «Սոկոլ» արագ արձագանքման հատուկ ենթաբաժանմունքի մարտիկների մասնակցությամբ Խարկովի Կիսելեվկա գյուղում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն (1982թ.), որը միջպետական հետախուզության մեջ էր գտնվում 2008թ.-ից 2 հանցագործությունների կատարման համար` սպանություն, գույքի կանխամտածված վնասում եւ ավազակային հարձակում: Այդ մասին հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության մամլո ծառայությունում` վկայակոչելով Խարկովի մարզի ԿՀՊՎ պետ Վլադիմիր Ֆրոլովի տեղեկատվությունը:

Նրա խոսքով, հայրենիքում ռուսը մեղադրվում է կրկնակի սպանության մեջ` Ստավրոպոլի մարզի հայկական համայնքի ղեկավարի եւ նրա օգնականի: Բազմաթիվ կրակոցային վնասվածքներով երկու տղամարդկանց մարմինները ռուս իրավապաշտպանները գտան 2007թ. մայիսին:

Ինչպես հաղորդել է Ֆրոլովը, ձերբակալվածի մոտ գտել են Մայիսմեկյան Սեւծովյան կազակական զորքի վարչության ատամանի հավաստագիրը: Բացի այդ, արձանագրվել է, որ ձերբակալվածը 2006-2007թթ. եղել է Չեչնիայի տարածքի մոբիլային գործողությունների հետախուզական բաժնի` «ՌԴ անվտանգության դաշնային ծառայության» հրամանատարը:

Խարկովի մարզի ԿՀՊՎ ղեկավարի խոսքով, փնտրվող ռուսը բացատրել է, որ 2008թ. մայիսին հատել է ուկրաինական սահմանը էլեկտրագնացքով Դոնեցկի շրջանի Վիսելկի գյուղի մոտակայքում, որց հետո տեղափոխվել է Խարկովի մարզ:
Ուկրաինայում գտնվելու ընթացքում նա ոչ մի տեղ պաշտոնապես չի գրանցվել: Սկզբում նա թաքնվել է Խարկովի տղամարդկանց մենաստանում, ապա տեղափոխվել իր բարեկամների մոտ` Կիսելեվկա գյուղ:

Ներկայումս ՌԴ քաղաքացին գտնվում է Խարկովի մարզի ՆԳՆ մեկուսախցում Ուկրաինայի Քրեա-կատարողական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն: Լուծվում է քրեական պատասխանատվության ենթարկելու համար նրան ՌԴ-ին հանձնելու հարցը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը: