Տավուշում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, կեղծ տեղեկություններ տարածողները պղտոր ջրում ձուկ որսացողներ են, նման տեղեկությունների համար բացարձակ հիմք չկա, հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ այդ լուրերի տարածումն անձնական վիրավորանք են իր ու տավուշցիների նկատմամբ։
Ավելի վաղ մամուլում ու սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Տավուշում «մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», այդ լուրը հերքվեց ՊՆ-ի ու մարզպետարանի կողմից։ Հերքվել է նաև լուրը, թե Տավուշի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են անում։ Ավելի ուշ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են՝ թուրքական դրոշներով, իբրև Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ, իսկ 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորականները Տավուշի տվյալ հատվածում են: Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները նույնպես հերքեց՝ հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
«Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում: Ցավոք սրտի, մենք այդ երևույթը չենք կարողացել հաղթահարել: Հուսով եմ, որ այսօր ևս համայնքներում իրականացվող աշխատանքների շնորհիվ, մեդիադաշտում հրապարակումների շնորհիվ մենք այդ խուճապը կարող ենք իջեցնել և հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի զբաղվեն բուն գործով, զբաղվեն երկիրը կառուցելով, զբաղվեն իրենց աշխատանքով, և խաղաղություն տիրի մեր համայքներում, մեր բնակիչների մոտ, որը կար վերջին ամիսների ընթացքում»,-ասել է Չոբանյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել, Ադրբեջանին են փոխանցվել հայկական որոշ տարածքներ, Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ի միջոցով սահմանազատման աշխատանքներ են տարվել, որոշ բնակավայրերից հողակտորներ ու տներ են մնացել ադրբեջանական կողմին։