11 մարտի 2021 - 11:05 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ և Ադրբեջան կայցելի

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտադիր է առաջիկայում Հայաստան և Ադրբեջան այցելել: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը:

«Օգտակար ճեպազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ կատարելիք այցից առաջ»,- ասվում է գրառման մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեն պաշտոնական այցով փետրվարին այցելել էր Վրաստան, հետո՝ Մոլդովա։ Այն ժամանակ հայտարարվեց, որ այց ՀՀ և Ադրբեջան նախատեսված չէ։