11 մարտի 2021 - 16:12 AMT
Բուժաշխատողներին սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել

Բուժաշխատողների շրջանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, քանի որ նրանք համարվում են առաջնագծում աշխատող անձինք։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Համաճարակաբանը հայտնել է, որ մնացած ռիսկային խմբերը նույնպես կամավոր սկզբունքով կենթարկվեն պատվաստման և հավելել, որ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ են տարվում նաև նրանց համար պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ, գրում է Panorama.am-ը։

Աբովյանը հավաստիացրել է, որ բուժաշխատողների շրջանում պատվաստումներն անցել են շատ հանգիստ՝ առանց որևէ խնդրի:

Նրա խոսքով՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես ընդգրկված են ռիսկի խմբերում և ցանկալի է նաև նրանց պատվաստումը:

«Այս պահի դրությամբ առավել շատ հիվանդանոցներ ընդունվում են ծանր կլինիկական ախտանիշներով հիվանդները, որի պատճառն այն է, որ ժամանակին չեն դիմում բժշկական օգնության, երբ ունենում են թեթև ախտանշաներ»,- նշել է բժիշկ-համաճարակաբանը և զգուշացրել, որ տնային պայմաններում ոչ նպատակային և ոչ ճիշտ ժամանակահատվածում, առանց բժշկի ցուցումների հակաբիոտիկների ընդունումն ավելի է բարդացնում հիվանդի վիճակը և նրանք հիվանդանոցներ են ընդունվում ծայրահեղ ծանր վիճակում:

Բժիշկը հորդորել է ախտանիշներ հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել ԲԿ-ներ, որտեղ կապահովվի նրանց բուժման կանոնակարգված ընթացքը՝ հոսպիտալացնելով կամ տան պայմաններում օգնություն ցուցաբերելով:

Աբողվյանը տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ սանիտարական կանոններում փոփոխություններ են իրականացվել՝ դպրոցներում թույլատրելով 20-ից ավելի սաների ուսուցումը մեկ դասարանում՝ լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ և անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ և հավելել, որ վիճակի վատացման դեպքում այն կարող է նորից չեղարկվել:

Բժիշկը հորդորել է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից:

Մարտի 10-ին Հայաստանում 4285 թեստ է արվել, որոնցից դրական է եղել 748-ը, այս պահին ծավալված է բժշկական 9 կենտրոն և մոտ 100 ազատ մահճակալ է մնացել։ Կորոնավիրուսի դրական թեստերի նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2020-ի դեկտեմբերի 22-ին։