Թռչնագրիպի վիրուսի նոր տեսակը A (H5N8), որը հայտնաբերվել էր ռուսաստանցիների մոտ փետրվարին, հավանաբար, մարդուց մարդու կփոխանցվի։ Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։
«Այն կանխատեսումը, որ դա տեղի կունենա, հավանականության մեծ աստիճան ունի։ Հավանաբար, դա տեղի կունենա․․․ Սակայն, մենք դա շուտ հայտնաբերեցինք»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Պոպովան ասել է, որ նման սցենարի պատրաստվելու ժամանակ կա՝ թեստեր մշակելու և պատվաստանյութ ստեղծելու համար։
«Պետք չի գա, դա երջանիկ պատահականություն կլինի։ Բայց եթե պետք գա, մենք արդեն պատրաստ կլինենք։ Այսինքն մենք կարողացանք տեսնել և զգուշացնել համաշխարհային հանրությանը, որ սպառնալիք կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ այդ վիրուսի հայտնաբերումը մարդկանց մոտ «համաշխարհային մակարդակի հայտնագործություն է» և սանիտարահամաճարակաբանական հսկողության ամբողջ համակարգի աշխատանքի արդյունք։
Փետրվարին Պոպովան հայտարարել էր, որ «Վեկտոր» կենտրոնի գիտնականները հաստատել են աշխարհում մարդկանց վարակման առաջին դեպքերը A (H5N8) թռչնագրիպով։ Այն ժամանակ վարակվել էր ՌԴ հարավում գործող թռչնաֆաբրիկայի 7 աշխատակից, որտեղ դեկտեմբերին բռնկում էր գրանցվել թռչունների շրջանում։