Ռուսաստանն անթույլատրելի և անբարոյական է համարում Հայրենական Մեծ պատերամի տարիներին նացիզմի դեմ պայքարած հերոսների հիշատակի պղծումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանին անցած Արցախի տարածքներում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների հանդեպ ադրբեջանցիների վանդալիզմի ակտերի մասին հարցին։
«Ձեր նշված տեղեկատվությունը ստուգվում է, և եթե հաստատվի, հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն շտկելու համար իրավիճակը․․․ Կցանկանայի հիշեցնել, որ ՌԴ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի հանդեպ հաղթանակը նվաճվել է ԽՍՀՄ բոլոր ժողովրդների անասելի ջանքերով և մեր պարտքն է պահպանել այդ հիշողությունը ապագա սերունդների համար։ Այդ մասին բազմիցս են խոսել և Ադրբեջանի նախագահը, և ՀՀ վարչապետը, և ՌԴ նախագահը»,- ասել է Զախարովան։
Ադրբեջանցիները պղծել և քանդել են Արցախի գրավված տարածքներում մնացած Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանները։ Ադրբեջանցիները «հրաձգության պարապմունքներ են» անցկացրել՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում գտնվող 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը օգտագործելով որպես պատվանդան։
Շուշիում քանդել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։