12 մարտի 2021 - 18:08 AMT
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին և 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկվել է իրավիճակն Արցախում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրացման գործնական ասպեկտները»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Աշխատանքային խումբը ՀՀ-ից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ընթերցել նաև․ Զախարովա․ Երևանն ու Բաքուն դրական են տրամադրված ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը