Ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը, տեղեկացնում են աշխատակազմից։
Բադասյանը զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։
Ավելի վաղ Բադասյանը հայտարարել էր, որ օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող հարցերը լուծելու համար։
Բադասյանը տեղեկացրել էր, որ խնդիրների լուծման վերաբերյալ «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջարկները ներկայացվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։
«Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը»,-ասվում էր նրա հայտարարության մեջ։