ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից։ Այդ մասին նա խոսել է ԱՀ ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:
Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները:
Նախագահ Հարությունյանը կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է: