13 մարտի 2021 - 12:38 AMT
Freedom House. ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման՝ Կառավարության նախագիծն ընդունվելու դեպքում կխաթարի ՄԻՊ անկախությունը և կխոչընդոտի կառույցի գործունեությանը, հայտարարել են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունից։

Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վերհանելու հարցում։

Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։