13 մարտի 2021 - 14:18 AMT
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ որոշել են չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի եղել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։