7 մարտի 2009 - 17:57 AMT
2008 թվականին «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի շահույթը կազմել է 5 մլրդ դրամ
«2008 թվականին «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի շահույթը մինչ հարկադրումը կազմել է 5 մլրդ դրամ, ինչը 17 տոկոսով ավել է 2007 թվականի շահույթից»,-հաղորդել է «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, վարկային ներդրումները աճել են 40 տոկոսով եւ կազմել են 74 մլրդ դրամ: «Բանկը իր բաժնետերերից 100 մլն դոլարի վարկային գիծ է ստացել, սակայն այդ միջոցները ծախսելու անհրաժեշտություն բանկը դեռեւս չի ունեցել»,-ասել է Թիմ Սլեյթերը: 2008 թվականի դեկտեմբերի 31-ին բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 412 հոգի, ինչը 21,5 տոկոսով ավելին է քան անցյալ տարի: Բացի այդ, 2008 թվականի ընթացքում «Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն եւս 2 բաժնմունք է բացել Երեւանում: Այսօրվա դրությամբ բանկը 10 բաժանմունք ունի Երեւանում եւ 43 բանկոմատ: 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկը սպասարկում է 54 257 ֆիզիկական եւ 4 374 իրավաբանական անձանց:

2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 14 248 573 դրամ, ակտիվները` 121 019 065 դրամ, պարտավորությունները` 107 019 065 դրամ:

Մամլո ասուլիսի ընթացքում Թիմ Սլեյթերը ներկայացրել է նաեւ «Էյչ-էս-Բի-Սի» խմբի նվաճումները, որը սպասարկում է իր հաճախորդներին աշխարհի 85 երկրներում իր 9500 բաժանմունքների միջոցով: «Էյչ-էս-Բի-Սի» խմբի շահույթը 2008 թվականին մինչ հարկադրումը կազմել է 19,9 մլրդ դրամ»,-ասել է նա: Ըստ Թ.Սլեյթերի, «Էյչ-էս-Բի-Սի» խումբը 2008 թվականին ամենաեկամտաբեր բանկն էր աշխարհում, ինչին, առաջին հերթին, նպաստել է այն, որ «Էյչ-էս-Բի-Սի» խումբն ամենակայուն բանկն է, ինչպես նաեւ բիզնեսի դիվերսիֆիկացիան աշխարհի 85 երկրներում:
«Էյչ-էս-Բի-Սի» խումբը, որի ակտիվները 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2,527 մլրդ դոլար, առաջատար դիրք է զբաղեցնում բանկային եւ ֆինանսական հատվածներում ծառայությունների տրամադրման առումով: Գործադիր տնօրենի խոսքերով, «Էյչ-էս-Բի-Սի» խումբը նաեւ ամենակապիտալացված բանկն է աշխարհում:

Բանկի հիմնադիրներն են «Էյչ-էս-Բի-Սի» խումբը, որին պատկանում է բաժնետոմսերի 70 տոկոսը, եւ հայկական սփյուռքը ներկայացնող ներդնողները: Բանկը նաեւ SWIFT եւ Bankmail վճարային համակարգերի անդամ է: