16 մարտի 2021 - 13:05 AMT
ԱԳ նախարար․ ԼՂ խնդրի լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

ԱԳ նախարար Արա Այվազյանը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունում նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Նա հավելել է նաև, որ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:

Այվազյանը նշել է, որ պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:

Անդրադառնալով գերիների հարցին՝ ԱԳ նախարարը շեշտել է, որ անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

«Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է Այվազյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում և հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։