19 մարտի 2021 - 17:09 AMT
Սաղաթելյան․Այդ ընտրությունները կարող են ոչ թե ելք լինել, այլ նոր ճգնաժամի սկիզբ

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը երկու անգամ տա հրաժարական, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը, Հանրապետության նախագահը նշանակի ընտրություններ:

«Այսինքն` այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ և վերջնական են, մեզ հավատ չի ներշնչում: Այս ժամանակահատվածում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, շատ արագ հրաժարվել: Պատերազմի ժամանակ 44 օր ստով ու կեղծիքով կերակրել են մեզ: Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ»,- ասել է Սաղաթելյանը:

Նա հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը:

«Եթե նույնիսկ տեղի ունենա խորհրդարանական ընտրություններ, դա բավարարում է Հայրենիքի փրկության շարժման պահանջների ընդամենը մի մասը:

Մենք գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ, կամ իր ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կա մեծ վտանգ, որ չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով: Մեծ է հնարավորությունը, որ այդ ընտրությունները կեղծվելու են»,-ասել է նա։

Սաղաթելյանը հավելել է, որ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ իր առաջարկած օրակարգը ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ, արդյունավետ ճանապարհային քարտեզ է:

Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենց բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են։ Նա հավելել է, որ հնարավոր է մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որի վերաբերյալ կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ են համարում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցի գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ արտահերթ ընտրությունների։