22 մարտի 2021 - 10:29 AMT
Վարչապետ․ Դավթյանն իրավունքի ուժով նշանակված ԶՈւ ԳՇ պետ է

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության հայտարարության մեջ ասվում է․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ»:

Նշվում է, որ Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Արմեն Սարգսյանին՝ համապատասխան հիմնավորումներով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:

ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ըստ դատարանի որոշման՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ Փաշինյանի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի որոշման կապակցությամբ` նշելով, որ Գասպարյանն ազատված է պաշտոնից։