23 մարտի 2021 - 11:04 AMT
Բալասանյանը հաստատել է՝ ՀՀ-ից Արցախ զորակոչ այժմ չկա

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն հավելել, որ Պաշտպանության բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար ԱՀ ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։

Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է տեղեկությունը, թե Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից, գրում է Sputnik Արմենիան։

«Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալու, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարելու պաշտպանական մարտեր»,- նշել է Արցախի ԱԽ քարտուղարը։

Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, որոնք կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։

«Արցախյան հիմնախնդիրը դեռ լուծված չէ, բանակցություններ չեն ընթանում։ Ավելի քան վստահ եմ, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանները վերականգնվելու են. Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու, այլ քաղաքական ճանապարհով լինելու է որպես սուբյեկտ։ Եթե Ադրբեջանը փորձի կրկին ոտնձգություն իրականացնել Արցախի հանդեպ, մենք համարժեք պատասխան կտանք»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Բալասանյանի խոսքով` բոլոր պատերազմներն ունեն սկիզբ և ավարտ, սակայն Ադրբեջանը չի հասկացել ու չի հասկանում, որ Արցախի հարցը երբեք չի կարողանալու լուծել ռազմական ճանապարհով։ Ըստ նրա` արցախյան կողմը միշտ պատրաստ է բանակցային սեղանի շուրջ քննարկել ցանկացած հարց, բայցևայնպես իրենք տարածքներ չեն հանձնելու, որովհետև առևտրի ենթակա տարածքներ չունեն։

Արցախում ծառայող զինվորների ծնողները մարտի 22-ին կրկին հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց խոսքով՝ հանդիպման արդյունքից գոհ են, փոխհամաձայնություն կա։ Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ նույն պահանջով․ 44 օր պատերազմում կռված ու հետպատերազմյան ծանր օրեր ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։