23 մարտի 2021 - 19:15 AMT
Հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծ կա

Էկոնոմիկայի նախարարությունը Հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծ է մշակել, որը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում։

Նախագիծը մշակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում:

Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ։

Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման:

Քննարկվել են գնահատման համակարգի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև դրա ներդրման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել հանրային ներդրումային ծրագրերի վերլուծության ու գնահատման առանցքային չափորոշիչների որոշման հարցին, ներդրումային կոմիտեի գործունեությանը, ռազմավարական փաստաթղթերի հետ փոխգործելիությանը և այլ հարցերի: