9 մարտի 2009 - 16:07 AMT
Իշխող կոալիցիան գտնում է, որ քաղաքապետի ընտրությունները սեփական ընդունակությունները ցույց տալու հնարավորություն են
«Երեւանում կկայանան ոչ թե քաղաքապետի, այլ ավագանու ընտրությունները, եւ միայն հաջորդ փուլում կընտրվի քաղաքապետը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լրջորեն պատրաստվում է ընտրություններին, մենք մեծ ակնկալիքներ ունենք»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, քաղաքապետի ընտրություններն իրենց լրջությամբ եւ քաղաքական կարեւորությամբ չեն տարբերվում խորհրդարանական ընտրություններից: Նա կարծիք է հայտնել, որ առաջին անգամ ակտիվություն կնկատվի թե' զանազան խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, թե' քաղաքացիների կողմից:

Գալուստ Սահակյանը ընդգծել է, որ ՀՀԿ-ն կոալիցիոն կուսակցությունների հետ միասին քննարկեցին համատեղ թեկնածու առաջադրելու հնարավորությունը, բայց որոշեցին առանձին գնալ ընտրությունների, քանի որ համարում են, դա շատ հարմար շանս է սեփական ընդունակությունները ցույց տալու համար:

«Յուրաքանչյուր քաղաքական թիմ ունի ձեւաչափերի սեփական համակարգը, եւ ես չէի ցանկանա, որպեսզի ընդդիմությունն արդեն պարտվածի տրամադրություն ունենա: Այս ընտրությունների ժամանակ ընդդիմությունը պետք է ցույց տա իր վճռականությունը»,- հայտնել է Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորների հայտարարություններին այն մասին, որ Գագիկ Բեգլարյանի նշանակումը հանդիսանում է բաց մրցակցությանը ՀՀԿ անպատրաստ լինելու ապացույցը, Գալուստ Սահակյանը ասաց, որ ընդդիմության կողմից նման հայտարարությունները բնական են: «Նրանք այսօրվանից արդեն սկսել են խոսել անարդար պայմանների մասին, քանի որ իրենք 7%-անոց սահմանը հաղթահարելու իրական շանսեր չունեն»,- հայտնել է նա:

Այն հարցին, թե արդյոք Գագիկ Բեգլարյանին կօգնի, թե կխանգարի քաղաքապետի պաշտոնում նշանակվելը, Գալուստ Սահակյանը հայտնել է, որ կուսակցությունում երբեք չի քննարկվել այդ հարցը: «Քաղաքապետը շատ հզոր կառույցներ ունի, նրանք պետք է գործեն»,- ավելացրել է Սահակյանը: