24 մարտի 2021 - 11:31 AMT
ՊՆ ղեկավարը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ Սյունիքի անվտանգությունն է քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Հարությունյանն ու Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։

Մարտի 23-ին Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հեռախոսազրույցում հատուկ անդրադարձել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ Քննարկվել են նաև հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները։

2021թ․ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները հեռախսազրույցներ են ունեցել նաև հունվարի 21-ին, փետրվարի 1-ին, 25-ին և 27-ին, ինչպես նաև մարտի 10-ին։