25 մարտի 2021 - 10:40 AMT
Ամերիաբանկը՝ 2021-ի ՀՀ լավագույն բանկ՝ ըստ Global Finance-ի

Global Finance-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:

«Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհի տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությամբ», - նշել է Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

«Ամբողջ աշխարհում բանկերն առանցքային դեր են խաղում տնտեսության վերականգնման գործում: «Լավագույն բանկ» մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի, զարգացման և նորարար լուծումների մշակման գործում»,-ասել է նա:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշել են նաև, որ այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք ստեղծված իրավիճակում հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին հաճախորդների հանդեպ` արագ որոշումներ կայացնելով նրանց խնդիրների լուծման համար: Բացի այդ, մրցանակակիր բանկերն առանձնանում են նրանով, որ արձանագրել են լավ արդյունքներ` հիմք դնելով հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ ու հպարտություն է հատկապես այս տարի արժանանալ Global Finance-ի «Տարվա լավագույն բանկ» հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարի մեր առջև ծառացած դժվարություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվեց աշխատել արդյունավետ և կայունություն պահպանել: Մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով անընդմեջ զարգացնելով ու բարելավելով մեր գործունեությունը բոլոր ուղղություններով»:

Մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել Բանկի շուկայում ունեցած մասնաբաժինը, ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:

Մրցանակաբաշխության մանրամասներին, ինչպես նաև հաղթողների ամբողջական ցանկին, կարելի է ծանոթանալ մրցանակաբաշխության էջում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: