25 մարտի 2021 - 10:56 AMT
Էրդողան․ Թուրքիան հետևելու է նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրականացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող կուսակցության համագումարում անդրադառնալով արցախյան թեմային, հայտարարել է, որ իր երկիրը հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրականացմանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը, գրում է Ermenihaber-ը։

«Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:

«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ Էրդողանն ակնարկել էր ԼՂ-ում խաղաղապահներից ազատվելու պլանների մասին։ Նա հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում գոյակցության համար՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության։