9 մարտի 2009 - 17:42 AMT
Հայ նկարչուհիների աշխատանքները ներկայացվել են «Գարնանային մեղեդի» ցուցահանդեսին
Մարտի 9-ին Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է «Գարնանային մեղեդի» ցուցահանդեսը` նվիրված Կանանց միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի Նկարիչների միության124 անդամ-նկարչուհիների ավելի քան 200 աշխատանքներ:

Ցուցահանդեսը ներառում է գեղարվեստի զանազան ուղղություններ: Այստեղ կարելի է տեսնել ինչպես դասական գեղանկարչություն, այնպես էլ ավանգարդ յուղանկարներ, ինչպիսիք են Սեդա Վելարյանի աշխատանքները, Նունե Աղաբալյանի գործվածքային տպագրությունը, Թերեզա Միրզոյանի բրոնզե արձանիկները, Արեւիկ Թունյանի կավե աշխատանքները, Մարիամ Իսրայելյանի բրդե գործած տիկնիկները, Սվետլանա Քալաջյանի գոբելենը, Սուսաննա Մկրտչյանի ռելյեֆային գրաֆիկան եւ այլն:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 18-ը:

Հայաստանում եւ նախկին ԽՍՀՄ երկրներում Կանանց միջազգային օրվա պատվին նկարչուհիների աշխատանքների ցուցադրությունն առաջին անգամ անցկացվել է 1941թ.: