25 մարտի 2021 - 18:24 AMT
Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման համար 500 մլն դրամ է հատկացրել

Կառավարությունը 500 մլն դրամ է հատկացրել «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար:

Որոշումն ընդունվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Գյումրիում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Ընդհանուր առմամբ, ԿԳՄՍՆ 2021թ․բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին 1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020-ին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ: