9 մարտի 2009 - 19:02 AMT
Լողացող փոխարժեքի քաղաքականությունը կրկնակի հարված հասցրեց Հայաստանի բնակչությանը
Դրամի արժեզրկման արդյունքում ամենաուժեղ հարվածը հասցվեց հանրության գնողունակությանը: «Դրամի արժեզրկումը հանգեցրեց սննդամթերքի գների բարձրացմանը, իսկ ապրիլի 1-ից կբարձրացվեն նաեւ կոմունալ ծառայությունների հարկերը, եւ դա կրկնակի հարված կլինի հանրապետության բնակչության համար»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով, բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու համար միջին աշխատավարձի մակարդակը 30 000-ից պետք է բարձրացնել 40 000 դրամի:

Խոսելով դրամի արժեզրկման պատճառով ստեղծված իրադրության մասին` Թաթուլ Մանասերյանը ասել է, որ անթույլատրելի էր դրամի փոխարժեքի զսպման համար մոտ $700 մլն ծախսելը, եւ ավելացրել է, որ վերջերս Հայաստանում դրամի զսպման համար ծախսվել է ավելի շատ գումար, քան երկրին հատկացրեցին ՀԲ, ՄՏՖ եւ Ռուսաստանը:

Հանդիսանալով լողացող փոխարժեքի աստիճանական ներմուծման կողմնակից` Մանասերյանը նշել է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությունը ինքնանպատակ չէ, ուստի կառավարությունը պետք է ռադիկալ միջոցներ ձեռնարկի ստեղծված իրադրությունը հաղթահարելու համար: Միջազգային հրապարակում փորձառվում է պետգնումների մեխանիզմը, որը թույլ կտա հսկելու գները եւ պայքարելու շուկայի աներես մասնակիցների դեմ:

Տնտեսագետի կարծիքով, գլոբալ ճգնաժամը կառուցողական փոփոխությունների կհանգեցնի, կստեղծվեն տնտեսության նոր մոդելներ, որտեղ պետությունը մասնակիորեն կկարգավորի ազգային տարադրամի փոխարժեքը: