26 մարտի 2021 - 15:42 AMT
Դատախազություն․ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ում է

Գլխավոր դատախազությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, PanARMENIAN.Net-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Գասպարյանը պահանջում է քրգործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ավելի վաղ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ կառավարության հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։

Կառավարությունը մարտի 22-ին հայտարարել էր, թե Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։

Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշել է պաշտոնից ազատել Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էր վարչապետի և կառավարության հրաժարականը։