26 մարտի 2021 - 17:16 AMT
Այվազյանն ու Արցախի ԱԺ նախագահը խոսել են գերիների վերադարձի մասին

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասվում է Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը:

Հանդիպմանը Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին կրկին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներն։