29 մարտի 2021 - 14:04 AMT
ԱԳ նախարար․ Պատերազմը նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեության ձախողումն էր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։

«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր։ Իրենք ոչ միայն կոչված էին և կոչված են ստեղծելու բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, նրանք նաև կոչված էին և են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ իրենք ձախողվել են այդ մանդատի ուղղությամբ», - ասել է ԱԳ նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, բնականաբար, շահագրգռված է վերսկսելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը», - նշել է նախարարը։

Ավելի վաղ Այվազյանը վերահաստատել էր հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտին այցելել էր Հայաստան և Ադրբեջան