30 մարտի 2021 - 11:04 AMT
Ռուսաստանաբնակ միլիոնատեր Բաղդասարովը մահացել է մետրոյի ռելսերին․ Հավանական է ինքնասպանությունը

Ռուսաստանաբնակ հայազգի միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը զոհվել է Մոսկվայի մետրոյի ռելսերին՝ գնացքը հատել է նրա գլուխը՝ չհասցնելով արգելակել։

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21-ին, սակայն զոհվածի ինքնությունը նոր է պարզվել։

«Երբ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է մտնել գնացքի տակ, նրանք հայտնաբերել են 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի մարմինը։ Գնացքի անիվները կտրել են նրա գլուխը։ Ողջ մնալու շանսեր այս պարագայում նա չուներ։ Զոհվածի մարմինը հանել են և տեղափոխել դատարանի դիահերձարան»,- ասել է աղբյուրը իրավապահ մարմիններում, գրում է News.ru-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում, որի աշխատակիցները՝ նկատելով տղամարդուն, շտապել են օգնության, սակայն արդեն ուշ է եղել։ Մեքենավարը շտապ արգելակում է արել, սակայն գնացքի արագությունը շատ մեծ էր։ Ըստ Հինգերորդ ալիքի՝ գործարարի մոտ գրություն են գտել, որի բովանդակությունը չի հրապարակվում։

«Ալսիկո» ՓԲԸ-ն գյուղատնտեսական արդյունաբերական խումբ է, որը հիմնել է Բաղդասարովը և որը զբաղվում է բույսերի պաշտպանության միջոցնեերի արտադրության ամբողջական ցիկլով։