31 մարտի 2021 - 10:21 AMT
Մատենադարանը հերքում է․ Արաբատառ ձեռագրեր չեն անհետացել և չեն վաճառվել

Մաշտոցյան Մատենադարանը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե իբր կառույցից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ:

«Facebook սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2020թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը և հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը»,-ասվում Մատենադարանի hանրային կապերի բաժնի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաև վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել. Մատենադարանի պահոցներից ձեռագրերը 2018-ին չեն տարհանվել։

Նշվում է նաև, որ Մատենադարանի պահոցն այնպիսի հարկում և ապահով վայրում է տեղակայված, որ որևէ շինարարական աշխատանքի պարագայում ձեռագրերը պահոցներից դուրս բերելու անհրաժեշտություն չկա։

«Մատենադարանի ձեռագրերը որպես կանոն թերթակալվում են, մատիտով յուրաքանչյուր թերթի վրա նշվում է համարը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ձեռագրերը թերթակալված չեն, ինչը վկայում է, որ դրանցում Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերը չեն ներկայացված։ Մատենադարանի ձեռագրերը պարբերաբար գույքագրվում և հաշվառվում են (վերջին գույքագրումը՝ 2019թ.) և ամբողջությամբ գտնվում են Մատենադարանում։ Առ այսօր որևէ կորուստ չի արձանագրվել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ստեղծման օրվանից միայն համալրվել է: