31 մարտի 2021 - 18:42 AMT
Նախարար․ 2021-ին ՀՀ-ում պատմամշակութային 3 արգելոց կստեղծվի

2021-ին նախատեսվում է ստեղծել պատմամշակութային արգելոցներ՝ «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» և «Աղձք Արշակունիների դամբարան»։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նշել է, որ «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» արգելոցների ստեղծման աշխատանքներն ավելի վաղ էին սկսվել, սակայն դադարեցվել էին պատերազմի պատճառով, տեղեկացնում է «Առավոտը»։

«Աղձք Արշակունիների դամբարան» արգելոցի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին։

Նախարարը նշել է նաև, որ պատերազմի ընթացքում և ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար դիմել է մշակութային օբյեկտների պահպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Մշակվել և համակարգվում է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանն ուղղված ծրագիր, որը, անվտանգության նկատառումներով պայմանավորված, չի հրապարակվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պատմական Դվինի հուշարձանների ամրակայման և թանգարանացման աշխատանքներ են ընթանում։ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում ներկայացվել են նաև Սբ Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են լիազոր մարմնի կողմից: