10 մարտի 2009 - 00:11 AMT
ANCC. Ամերիկացի պրոֆեսորը ռասիստական հայտարարություններ է անում Հայաստանի մասին
«Լեռնային Ղարաբաղը պետք է «վերադարձվի Ադրբեջանի կազմ», իսկ Հայաստանը ժողովրդավարության հաստատման գործում հաջողության հասնելու համար պետք է օրինակ վերցնի Բաքվից»,- Օտտավայում կայացած դասախոսության ժամանակ հայտարարել է ամերիկացի լրագրող եւ Մոնտանայի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Գոլցը, որն հայտնի է հայերի հասցեին իր ռասիստական ու արհամարական արտահայտություններով: Գոլցը մեղադրում է հայերին 1992թ. Խոջալուում «էթնիկ զտում» անցկացնելու մեջ: «Կոտորած Խոջալուում. ոճիր առանց պատժի» դասախոսությունը կարդացվել է երկու անգամ` Կանադայի Ազգային արխիվում եւ Մամուլի ազգային ակումբում: Դասախոսություններին ներկա են եղել շուրջ 80 հոգի` հիմնականում ադրբեջանցիներ ու թուրքեր:

Դասախոսությանը մասնակցած Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը մեղադրել է ամերիկացի պրոֆեսորին երկերեսանիության մեջ` ընդգծելով, որ ամերիկացի լրագրողները, ելնելով սեփական շահից, մոռացել են հիշատակել հայերի ջարդը Սումգաիթում, Բաքվում, այն, որ եթե չլիներ ՌԴ ՌԾՆ-ն, կոչնչացվեին նաեւ Բաքվի 230 000 հայերը»:

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա, ըստ Բաբիկյանի, հայերը չէ, որ պնդում են, թե ադրբեջանցիները սպանեցին սեփական քաղաքացիներին: «Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը 2004թ. ապրիլի 2-ի «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված իր հարցազրույցում:

Բաբիկյանը խնդրել էր Գոլցին նաեւ պարզաբանել, թե ինչու ադրբեջանցի լրագրողները, որոնք կասկածի տակ առան Խոջալուիի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական կառավարության տեսակետը, հայտնվեցին բանտերում կամ սպանվեցին: Բաբիկյանը բերել է լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւայի օրինակը, որն այժմ բանտում է: «Գոլցի համար նավթադոլարների գայթակղությունը շատ ավելի մեծ է, քան ճշմարտության որոնումներն ու անաչառության դրսեւորումը»,-ընդգծել է Բաբիկյանը:

«Մենք դատապարտում ենք ազգային ատելության եւ նման դասախոսությունների անցկացումը Կանադայում: Ափսոսանքի է արժանի, որ Կանադայի որոշ խորհրդարանականներ, սենատորներ եւ լրագրողներ պետք է առանց առարկության նման զազրելի հայտարարություններ լսեն: Կանադայի կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է քննեն ատելությամբ լի նման հայտարարությունների լուրջ եւ հեռուն գնացող հետեւանքները: Մենք նաեւ ցանկանում ենք խնդրել Կանադայի խորհրդարանականներին իրենց վերաբերմունքը հայտնել այս դասախոսության վերաբերյալ, որը տագնապ է առաջացրել կանադահայ համայնքում»,-ասել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը: