2 ապրիլի 2021 - 10:28 AMT
ԳՇ պետ․ Եթե ապրիլյանից դասեր քաղած չլինեինք, կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Եռաբլուրում ասել է, որ եթե ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, 44-օրյա հերոսամարտը, իր կարծիքով, այլ ելք կունենար, այլ ժամկետներով։

Այն հարցին, թե այս ամենից հետո ի՞նչ ելք պետք է լիներ՝ Դավթյանը պատասխանել է. «Մենք կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը, ու դա կարող էր արվել 15-20 օրվա ընթացքում», գրում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Գլխավոր շտաբի պետն ասել է որ իրավիճակը բավականին լարված է, սակայն սահմաններին հարաբերական կայունություն է, միջադեպեր չեն լինում։

Ապրիլյան պատերազմից 5 տարի է անցել։ Ապրիլի 2-ին Հայաստանում և Արցախում հարգում են Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: