2 ապրիլի 2021 - 11:10 AMT
Վարչապետի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել, նա ինքնամեկուսացած է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ Պուտինի հետ հանդիպումով պայմանավորված՝ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր էին ընթանում ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը 64 զինծառայող կորցրեց, 13 կամավորական, 4 քաղաքացիական (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր ունեցավ (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ մոտ 270 ադրբեջանցի է զոհվել: