Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին:
Նախագահը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ զինծառայողները զգան և հասկանան՝ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից։
Հանդիպման մասնակիցները Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին, ակնկալելով, որ իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում նա աջակցի դրանց լուծմանը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ աջակցելու համար:
«Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար»,- ընդգծել է Սարգսյանը:
Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:
Ժամկետային զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականցնում ՊՆ և պետական այլ կառույցների մոտ։ Նրանք Արցախում ծառայողների համար անվտանգության երաշխիքներ էին պահանջում և ծառայության պայմանների և բուժօգնության բարելավում։