10 մարտի 2009 - 15:36 AMT
ՀՀ ՊՆ. Հայաստանի ԶՈՒ զինծառայության գործող ժամկետի փոփոխություն չի լինելու
Հայկական բանակի բարեփոխումներն ապահովում են երկրի անվտանգությունը եւ ոչ միայն վերազինում, այլեւ կառուցողական փոփոխություններ են ենթադրում բանակային կառույցում: Այդ մասին Երեւանի Ինժեներա-ճարտարապետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Պաշտպանության նախարարությունը շարունակում է մեծ նշանակություն տալ բարոյա-հոգեբանական դաստիարակությանը երիտասարդության շրջանում: «Մենք Գործողությունների ծրագիր ենք ստորագրել Կրթության եւ գիտության նախարարության հետ, որը համատեղ միջոցառումների անցկացում է ենթադրում, մասնավորապես` ռազմական ճամբարների այցելում, ծանոթություն զինվորական կյանքի հետ: Բայց մեզ համար ամենակարեւորը եղել եւ մնում է զինծառայողների մարտական պատրաստությունը»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նա նաեւ ասել է, որ զինծառայության գործող ժամկետի փոփոխություն չի լինելու: «Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է պատիվ համարի իր քաղաքացիական պարտքը կատարելն ու բանակում ծառայելը»,- ասել է Սեյրան Օհանյանը: