6 ապրիլի 2021 - 12:18 AMT
Քոչարյանը՝ Պոզների մոտ. ԼՂ-ում պատերազմի, ընտրությունների և ՌԴ հետ հարաբերությունների մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսասկան առաջին ալիքի «Պոզներ» հաղորդաշարին։ Նա խոսել է ՀՀ-ում սպասվող ընտրություններին մասնակցելուց, ԼՂ պատերազմից, երկրում իրավիճակից և ոչ միայն։ PanARMENIAN.Net-ը հավաքել է հարցազրույցի գլխավոր թեզերը։

- Պարտությունն անսպասելի էր։ Պատերազմը՝ սպասելի ինձ համար։ Ես նաև հանրային ձևով նախազգուշացրել էի՝ հանրությանն ու երկրի ղեկավարությանը՝ մեդիայի միջոցով։ Գրեթե բոլոր փորձագետներն էին ասում, որ ՀՀ վարած քաղաքականությունն անխուսափելիորեն պատերազմի է բերելու։ Փորձագիտական մակարդակով ասվում էր, որ պատրաստ չենք, խնդիրներ կլինեն, պատերազմը ծանր է, բայց իշխանությունները դա ժխտում էին։

- Ղարաբաղյան հակամարտության հարցում փակուղին հայկական կողմի պատճառով է առաջացել։ Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը։

- Հայաստանի վարչապետն անձամբ է պատասխանատու կատարվածի համար։

- Հայկական կողմը սկսել էր առաջ քաշել անհասկանալի պահանջներ․ սկսում ենք զրոյական կետից, 1992-ից շարունակվող բանակցություններն առաջարկվում էր զրոյացնել։ Շրջանառվեցին «Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններ լինել չեն կարող», «Արցախը Հայաստան է և վերջ» թեզերը։ Տպավորություն էր, թե հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից։ Նրանք չէին հասկանում, որ հրահրում են․ դա պատասխանատու և դժվար բանակցություններից խուսափելու տարբերակ էր, դա փախուստ էր։

- Եթե ՌԴ նախագահի անձնական ակտիվ միջամտությունը չլիներ, ամբողջ ԼՂ-ն կարող էր անցնել Ադրբեջանի հսկողության տակ։

- Ռուսաստանը չի հրահրել այս պատերազմը, ՌԴ-ն արել է հնարավոր առավելագույնը, որ այն կանգնեցնի։ Հնարավորություն է եղել պատերազմը կանգնեցնել բոլորովին այլ դասավորվածությամբ, սակայն ՀՀ վարչապետն իր վրա այդ պատասխանատվությունը չի վերցրել, որ իրեն դավաճանության մեջ չմեղադրեն։

- Ամեն ինչ չէ, որ կորած է։ Հնարավորություն կա քննարկել ԼՂ Ինքնավար մարզի տարածքում գտնված շրջանների վերադարձը։ Կարգավիճակի հարցը շատ դժվար կլինի, բայց և այստեղ կան հեռանկարներ։

- Վերջին 3 տարում հայկական Զինված ուժերի մարտունակությունը հետևողականորեն ոչնչացվել է։ 2018-ի, այսպես ասած` հեղափոխությունից հետո, նոր իշխանությունը բանակի հանդեպ վախ ու անվստահություն էր զգում։ Արցախյան պատերազմի հերոսներին վարկաբեկելու գործընթացներ էին ընթանում, ռազմական ղեկավարության կազմն էր փոխվում․ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 3 պետ փոխվեց և Արցախի բանակի 3 հրամանատար։

- Հայաստանի այսօրվա դրությունը, ընդհանուր առմամբ, թույլ չի տալիս ոչ մի սթափ դատող մարդու մտածելու ռևանշի մասին։ Բայց աշխարհը հավերժ չի կարող չափազանց անարդար լինել։ Այդ պատճառով, պետք է գտնել բոլոր կողմերին բավարարող լուծում։

- 10 տարի երկիր եմ ղեկավարել, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար։ Ամենայն հավանականությամբ, 2 կուսակցություն կլինի։

- Ընտրություններին իմ մասնակցությունը պառակտումը չի խորացնի։ Չեմ տեսնում մեկին, ով կկարողանա շտկել իրավիճակը։ Նախկինում ես կարողացա դուրս բերել երկիրը բարդ իրավիճակից։

- Անկասկած՝ ընտրություններին հաղթանակ եմ ակնկալում։

- Երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Իմ նախագահության ընթացքում շատ բան է արվել այդ կապերի ամրապնդման համար։ Երբեք չեմ փորձել խաղալ բոլոր երանգներով ու ճակատներում։

- Ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից։ Սպառնալիքը գոյաբանական է, պատմական, այն ընկալելի է հայերին ու թուրքերին։ Սրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն նմանվի Աջարիային։ Դեպի Ռուսաստան մեր ուղղվածությունը նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին և շատ ուրիշների։