7 ապրիլի 2021 - 14:29 AMT
Խոսնակ․ Փաշինյանը Մոսկվայում է՝ քննարկվելու են հայ-ռուսական օրակարգի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրի ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը շահագրգռված է, որ զենքն ու զինամթերքը ՀՀ առաքվի նույն կոմպլեկտացիայով, ինչ ՌԴ ԶՈւ համար։