7 ապրիլի 2021 - 16:02 AMT
ԶԼՄ․ Zoom-ն արգելել է վաճառել վճարովի տարբերակն ԱՊՀ երկրների պետհաստատություններին

Zoom Video Communications-ն արգելել է իր դիստրիբյուտորներին վաճառել առցանց կոնֆերանսների վճարովի ծառայությունը ՌԴ և ԱՊՀ երկրների պետական հաստատություններին և ընկերություններին։ Առաջին հերթին կարող են տուժել կրթական հաստատությունները, որոնք օգտվում էին Zoom-ի ծառայություններից, գրում է «Կոմերսանտը»՝ ռուսաստանյան դիստրիբյուտոր «ՌայթԿոնֆի» նամակին հղումով։

Դիստրիբյոտորի գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրենկոն հաստատել է նամակի իսկությունը, սակայն հավելել է, որ հստակեցվում են հետագա աշխատանքի մանրամասները։ Նա չի բացառել, որ ընկերությունն առանձին պրոդուկտ կստեղծի պետական հատվածի համար։ Պետրենկոն նաև նշել է, որ գործող պայմանագրերով աշխատանքը կշարունակվի։

Zoom Video Communications-ի ԱՄՆ-ում գտնվող գլախմասային գրասենյակից ասել են, որ այդ հաղորդագրությունները հիմնված են «գործընկերային հիմունքով վաճառքներով զբաղվող գործակալություններից մեկի հայտարարության վրա» և ասել են, որ տեղեկատվությունը հարկավոր է ճշտել։

Zoom-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս մինչև 100 օգտատիրոջ մասնակցություն ապահովել կոնֆերանսին և ժամանակային սահմանափակում չունի։