8 ապրիլի 2021 - 15:04 AMT
IRI. Վրաստանի բնակիչների 64%-ը ՀՀ հետ հարաբերությունները դրական են գնահատել

Վրաստանի բնակիչների 64%-ի համոզմամբ՝ իրենց երկրի հարաբերությունները Հայաստանի հետ կարելի է բնութագրել որպես դրական, դա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից օրերս հրապարակված հարցման արդյունքները, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հետազոտության մասնակիցների 22%-ի պնդմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն այսօր ոչ բարեկամական են և ոչ էլ թշնամական։ Հարցվածների միայն 9%-ն է նշել, թե Հայաստանի հետ հարաբերությունները վատ վիճակում են։

Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73%-ը, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66%-ը։

Բացի այդ, IRI-ի հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների 17%-ը պնդում է, որ իրենց երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերն Ադրբեջանն է։ 13%-ը որպես Թբիլիսիի համար մեկ քաղաքական գործընկեր մատնանշում է Թուրքիային։ Հայաստանը Վրաստանի գլխավոր գործընկեր է ընկալում հարցվածների միայն 11%-ը։

IRI-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59%-ն ամբողջությամբ, ևս 19%-ը՝ մասամբ կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին։ Հարցվածների կեսից ավելին, այդուհանդերձ՝ 53%-ը, անկեղծորեն խոստովանել է, թե չգիտի՝ երբ Վրաստանը հնարավորություն կստանա մաս կազմել դաշինքին։ Հարցման մասնակիցների 12%-ն էլ կարծում է, որ դա երբեք տեղի չի ունենա։