Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ ՄԻՊ աշխատակազմն առարկություններ էր ներկայացրել Ֆինանսների նախարարությանը:
«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով հաստատության ֆինանսավորումը կրճատելու իշխանությունների նախագծին, հայտարարել էր, որ դա ակնհայտ հակասահմանադրական և խտրական նախագիծ է։ Նա նշել է, որ ընդունվելու դեպքում, ինքն անմիջապես դիմելու է Սահմանադրական դատարան։
Ըստ Freedom House-ի՝ ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։