9 ապրիլի 2021 - 12:20 AMT
Պատգամավորներ․ ԵԽԽՎ-ում գերիների հարցը բարձրացնելու ենք հնարավոր բոլոր ձևաչափերում

Ապրիլի 19-ին մեկնարկող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայկական պատվիրակության անդամների հիմնական խնդիրն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցի բարձրացումն է՝ հնարավոր բոլոր ձևաչափերում, հայտնել են ԵԽԽՎ հայական պատվիրակության անդամ պատգամավորները, փոխանցում է Armenpress-ը։

«Բնականաբար թիվ մեկ խնդիրը շարունակելու է մնալ գերիների հիմնահարցի բարձրացումը տարբեր հնարավոր ձևաչափերով՝ և՛ լիագումար նիստի, և՛ հանձնաժողովների նիստերի շրջանակում, և՛ քաղաքական խմբերում: Կարևոր խնդիրներից են նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որոնք նորություն չեն, բայց շատ հստակ մշակված քաղաքականության շարունակությունն են»,-ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիբրիդային ձևաչափով անցկացվելիք նստաշրջանին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով ֆիզիկապես ներկա կլինի Ստրասբուրգում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ միանշանակ հնարավոր է ԵԽԽՎ հարթակում մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ ռազմագերիների հարցով:

«Եվ մենք ամեն ինչ պետք է անենք՝ ԵԽԽՎ հարթակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, որովհետև Ադրբեջանը պարտավոր է կատարել Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթները, որը ենթադրում է ռազմագերիների և բոլոր գերեվարված անձանց վերադարձ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Սակայն Ադրբեջանը համառորեն չի անում դա»,-ասել է Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն այս պահին միակ հարթակն է մնացել, որտեղ հարցը ազդեցիկ ձևով ներկայացվում է:

«ԵԽԽՎ-ն միակ մարմինն է, որտեղ ներկայացված են 47 երկրի ազգային խորհրդարաններ, մարդիկ, որոնք իրենց երկրի ներսում ազդեցություն ունեն պետական օրակարգի վրա: Դրա համար այդ մարդկանց վրա լոբբինգ անելն ազդում է 47 անդամ պետության արտաքին քաղաքականության վրա»,-ասել է պատգամավորը:

Ադրբեջանը հայտարարում է, որ հայ գերիներ իր տարածքում չկան, այդ երկիրը պաշտոնական մակարդակով «ահաբեկչ» է, որակում հայ զինծառայողներին։ Ապրիլի 8-ին Հայաստանում նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։ Ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։