9 ապրիլի 2021 - 19:10 AMT
Երևան-Գյումրի փակ ճանապարհի պատճառով «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով՝ ռազմագերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Շիրակում գերիների հարազատները փակել էին մարզ տանող բոլոր ճանապարհները։ Փակ էր ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերեվարված անձանց հարազատները փակել էին Գյումրի-Երևան երկաթուղին՝ մեքենաներ կանգնեցնելով երկաթգծերին:

Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։