10 ապրիլի 2021 - 12:56 AMT
Պուտինն ու Էրդողանը անհարժեշտ են համարում Հրվ. Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ակտիվացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են կարգավորումը Լեռնային Ղարաբաղում, անհրաժեշտ են համարել Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել ՌԴ քայլերը՝ ուղղված իրավիճակի հետագա կայունացմանը, նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հետևողական իրականացմանը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Թուրքիայի նախագահին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին շփումների մասին։ Փոխադարձ կարծիք է հայտնվել, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից Ստամբուլի ջրանցքի կառուցմանը։ Ռուսական կողմը շեշտել է 1936թ․ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների համաձայն սևծովյան նեղուցների գործող ռեժիմի պահպանումը։

Նշվում է, որ արդյունավետ ռուս-թուրքական երկխոսությունը նախատեսվում է շարունակել ամենատարբեր ձևաչափերով։

44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ։ Գործում է նաև երեք ենթախումբ։