10 ապրիլի 2021 - 14:40 AMT
Փաշինյան․ Պիտի պատրաստվենք ու տարածաշրջանը պատրաստենք երկարատև խաղաղության

Մենք պետք է պատրաստվենք և տարածաշրջանը պատրաստենք անընդհատ, երկարատև և կայուն խաղաղության, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրում՝ մարզային հերթական այցի ընթացքում։

Նա նշել է, թե Հայաստանն ու «տարածաշրջանային երկրները պետք է վերագնահատեն մեր փոխադարձ վերաբերմունքը և կեցվածքը»:

Փաշինյանը խոսել է նաև բանակի արդիականացման առաջնահերթություններից։

«Լավ ապագայի համար մեզ առաջինը պետք է անվտանգություն։ Մեր երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու 3 միջոց կա։ Առաջինը՝ մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնելու մեր զինված ուժերում։ Բայց, մյուս կողմից, մենք ոչ թե խորացնելու ենք մեր ռազմական և ռազմատեխնիկակակն համագործակցությունը ՌԴ-ի հետ, որովհետև մենք առանց այն էլ խորը համագործակցում ենք, այլ նոր բովանդակություն ենք հաղորդելու։ Գիտեք, որ ՀՀ-ում կա հայ-ռուսական համատեղ զորախումբ, և դրա հետագա զարգացումը պիտի դառնա մեր անվտանգային համակարգի կարևորագույն առանցքներից մեկը։ Մենք պետք է մտածենք ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին»,- ասել է նա։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը մարզային հանդիպումներ է անցկացնում երկրում։