12 ապրիլի 2021 - 11:04 AMT
Կարասին․ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է օգտակար լինել ԼՂ կարգավորման հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, գրում է «Կոմերսանտը»։

«Կարծում եմ, որ համանախագահներն այդ ուղղությամբ կարող են օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն։ Կարծում եմ՝ կարելի է վերականգնել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը։

Նա նշել է նաև, որ հիմնական հարցերը կապված են հումանիտար խնդիրների՝ ռազմագերիների փոխանակումն ավարտին հասցնելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, վերադարձող փախստականների համար պատշաճ պայմաններ ստեղծելու հետ։

«Նաև սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և հարակից շրջանների ականազերծման հարցը»,-ասել է նա։

Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վստահություն հաստատել կողմերի միջև։

«Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ շարունակում է քաղաքական հարցերի քննարկումը, լուծումների որոնումը։ Ակտիվ աշխատում է փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»,- ասել է սենատորը։

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ: