12 ապրիլի 2021 - 11:41 AMT
Դատական օրենսգիրքը հակասում է Սահմանադրությանը. Նախագահը դիմել է ՍԴ

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորգարմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ մայր օրենքին դրա համապատասխանության հարցը որոշելու:

Նախագահականից հիմնավորել են, թե առաջարկվող կարգավորումներն «իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»:

«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում,-նշել են նախագահականից։

Օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացրելլ 2021թ. մարտի 22-ին: Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, դրա բարդության վրա։

Նախատեսվում է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում այն քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման։