12 ապրիլի 2021 - 13:03 AMT
ՀՀ-ում երիտասարդները կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, 55 տարեկանից այն կողմ՝ AstraZeneca-ով

Հայաստանում AstraZeneca պատվաստանույթի կիրառման ցուցումներում փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ կիրառվել է տարիքային սահմանափակում, դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Սպուտնիկ V»-ի դեպքում, նախարարի խոսքով, այդօրինակ սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում խմբաքանակն է սահմանափակ:

«Հետևաբար այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները: Ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում՝ «Սպուտնիկ V» նոր խմբաքանակների դեպքում», - նշել է նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700,000 քաղաքացու:

«AstraZeneca պատվաստանյութով պատվաստումներն ապրիլի 13-ից կսկսվեն մայրաքաղաքում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Մի քանի օր անց էլ պատվաստումներ կիրականացվեն «Սպուտնիկ V-ով», - ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որՀայաստանը Sputnik V պատվասատանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում։

«Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են տանում Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու համար: Ես հույս ունեմ՝ մեր դեղագործական ընկերությունները, գնահատելով պատվաստանյութի արտադրության կարևորությունը, շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել», - նշեց Ավանեսյանը:

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 203,327-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3753 դեպք կա, այլ պատճառով՝ 953։ Առողջացածների ընդհանուր թիվը 182,836 է։ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավոր։