12 ապրիլի 2021 - 14:40 AMT
Մելքումյան․ Ծառուկյանը պետք է դառնա երկրի ղեկավար

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գնում է իշխանությունը վերցնելու, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար, հայտարարել է խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, փոխանցում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանում 30 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «արկղի մեջ թուղթ գցելով իշխանություն երբեք չի փոխվել»:

«Մենք հիմա շանս ունենք առաջին անգամ պառլամենտական երկրում պառլամենտական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել: Սակայն եթե նախորդ 30 տարվա իրողությունները մարդկանց վստահություն չեն ներշնչում , դա նշանակում է, որ մենք զարգացում չենք ունենա: Կարծում եմ՝ ընտրության արդյունքները պետք է լինեն խիստ բալանսավորված և 50+1% ոչ մեկ չի կարող հավաքել: Եվ այս պահին հաշվի առնելով մեր քաղաքական ուժի հետագիծը՝ հիմա մեր հերթն է, գալիս ենք հաղթելու, իշխանությունը վերցնելու, Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասել է պատգամավորը:

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրապայքարի։ Ընտրություններին մասնակցելու է նաև երկրկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախնական տվյալների՝ դաշինքով։