12 ապրիլի 2021 - 15:26 AMT
ՍԴ-ն ստացել է նախագահի դիմումը․ 20 օրում կուսումնասիրի

Ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է ՀՀ նախագահի դիմումը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Դիմումը մուտքագրվել է ապրիլի 12-ին, ասվում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջում:

Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ։

Նախագահականից հիմնավորել են, թե առաջարկվող կարգավորումներն «իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել է ՍԴ։ Ըստ նախագահի՝ «օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»։ Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, դրա բարդության վրա։

Նախատեսվում է նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, Բարձրագույն դատական խորհրդում այն քննարկելու խնդիրը՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման։